Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը տեղեկացրել է, որ Թուրքիային С-400-ների մատակարարման պայմանագիրը ուժի մեջ է մտել: Լրահոսում այս տեղեկությունը պատահաբար չհայտնվեց հենց Վլադիմիր Պուտինի Անկարա այցից հետո: Դեռ սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարում էր, որ Անկարան Մոսկվայի հետ С-400-ների ձեռքբերման պայմանագիր է ստորագրել և արդեն կանխավճար է տվել: Հիմա խոսքը պայմանագրի կատարման մասին է: ՌԴ նախագահի Թուրքիա այցի նախօրեին թուրք փորձագետները գրում էին, որ «Ռուսաստանը հազիվ թե Անկարային նորագույն ռազմական տեխնիկա տա, ինչ չեն արել ՆԱՏՕ-ի գործընկերներն այսքան ժամանակ՚: Cumhuriyet-ը նույնիսկ պնդում էր. «ՆԱՏՕ-ի անդամ երկրներում գերիշխում է տեսակետը, որ հրթիռային համակարգի մատակարարումների բանակցությունները ավելին չեն, քան կոնյունկտուրային առևտուրը», իսկ «ստորագրությունները պայմանագրի տակ դեռ չեն նշանակում, որ հրթիռները կտեղակայվեն Թուրքիայում»: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության պետ Իսմայիլ Սեմիրը հայտարարեց, որ «С-400-ները ծրագրվում է Թուրքիա մատակարարել միայն երկու տարի անց»:
Cumhuriyet-ը, Անկարայի ու Մոսկվայի բոլոր հարաբերությունները հանգեցնելով Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների անձնական փոխհարաբերություններին` հարց է դնում, «Իսկ ի՞նչ կլինի, եթե 2019-ին Էրդողանը նախագահ չընտրվի ու նրա պաշտոնում այլ մարդ հայտնվի՚: Իրոք, ի՞նչ կլինի: Yeni Safak-ը գրում է, որ Անկարան սկսել է իր տարածքում С-400-ների տեղակայման նախապատրաստությունը: Ակինջի ռազմաբազայում երկու մեծ անգար ու արձակման հարթակներ են կառուցվել: Այդ բազայի ընտրությունը կատարվել է «ինչպես մայրաքաղաքից սկսած հակաօդային պաշտպանության միջոցառումների ձեռնարկման, այնպես էլ այն պատճառով, որ այդ բազան համապատասխան պայմաններ ունի` հաշվի առնելով անգարները, երկար թռիչքուղիները, ընդարձակ տարածքը»: Ճշտվում է, որ հրթիռային համակարգերը «անհրաժեշտ պահին կարող են տեղափոխվել սահմանային շրջաններ, որտեղ ռազմական սպառնալիք կա՚: Փաստորեն` Անկարան, որ առաջ Արևմուտքի համար կատարում էր «սև կարապի» դեր ոչ միայն Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում, այլև տարածաշրջանի հետ երկրների, պատրաստ է արմատապես փոխել իր արտաքին քաղաքականության պարադիգման։ Խնդիրը անգամ ռուսական հրթիռները չեն, որ վաղուց տեղակայված են Հունաստանում և որևէ աժիոտաժ չեն հարուցել ՆԱՏՕ-ում։ Թուրքիան այդ դաշինքում միակ մուսուլմանական երկիրն է, որ կարող է նշանակալից ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքում իրադարձությունների ընթացքի վրա և Ռուսաստանում արտադրված ռազմավարական զենք է գնում: Պարզ է, որ С-400-ների կիրառման համար պետք են մասնագետներ, նրանց սովորեցնել կարող է միայն Ռուսաստանը, և պետք է տեխնիկական ծառայությունն ապահովել: Նշանակում է` Թուրքիան որոշել է Մոսկվային վստահել իր ազգային անվտանգության ապահովման մի մասը: Բայց մնում է հարցը` որքա՞ն է պատրաստ նախագահ Էրդողանը հեռանալ Արևմուտքից դեպի Ռուսաստան: Իհարկե, նա դժգոհության բավականաչափ հիմքեր ունի արևմտյան երկրներից, հատկապես ամերիկացիներից: Անկարան կարծում է, որ հենց ԱՄՆ էր 2016-ի պետական հեղաշրջման փորձի հետևում (մեկ այլ վարկածով` Գերմանիան էր) և որ հատկապես կարևոր է` Թուրքիայի համար խնդիրներ է ստեղծում Վաշինգտոնի աջակցությունը սիրիացի ու իրաքցի քրդերին, որ սպառնում է երկրի մասնատում: Առայժմ թվում է, որ այդ պատճառով Անկարան, Մոսկվայից բացի, մեծացնում է շփումները Պեկինի ու Թեհրանի հետ: Բայց արևմտյան գործընկերների հետ փոխհարաբերություններում Թուրքիան պահպանում է աշխարհաքաղաքական տարատեսակ սցենարներ խաղարկելու հնարավորությունը: Առայժմ Թուրքիայի ոչ ակնհայտ արտաքին քաղաքական սպառնալիքների առկայությամբ С-400-ներ ձեռք բերելը թվում է ավելի շատ ոչ թե ռազմական, այլ քաղաքական լուծում, որ տրամաբանական զարգացման պարագայում կարող է ռազմավարական հետևանքներ ունենալ:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Իսկ ու՞ր մնաց Թուրքիայում С-400 -ների համատեղ արտադրության խոստումը, որ իրականացման դեպքում առաջինը խոցելի էր դարձնում Մոսկվային` նեղացնելով զենքի սպառման շուկան և ազդեցության դաշտից դուրս բերելով թե Թուրքիային, թե Ադրբեջանին: Հեռանկարում նաև արաբական երկրներին, եթե նույն զենքը Անկարան վճռեր ավելի էժան վաճառել: Կան պահեր, որ խորանալով իր ռազմավարական նպատակների մեջ` Թուրքիային դուրս բերել ՆԱՏՕ-ից ու կտրել Արևմուտքից, Մոսկվան ռիսկի է գնում ինքն իր դեմ խաղալու: Բացի այդ` ցանկացած պահի անկանխատեսելի ու քաղաքականության մեջ խաղի կանոնները ոտնահարող Դոնալդ Թրամփը կարող է արտահանձնել Ֆեթուլա Գյուլենին ու Էրդողանին դարձնել իր ոչ միայն ՙսիրելի բարեկամն ու գործընկերը՚, այլև` ՙհավերժ բարեկամն ու ընկերը՚: Վերջապես` բացի ռազմականից` Անկարան Արևմուտքի ու Եվրամիության հետ ունի առևտրատնտեսական կապեր, որոնց խզումը կխարխլի թուրքական տնտեսությունը: Բացի այն, որ այդ ասպարեզում Մոսկվան չի կարող Արևմուտքին փոխարինել, 2018-ի ընտրություններից առաջ Էրդողանին բոլորովին պետք չէ թշնամացնել Արևմուտքին` մեկ էլ տեսար նոր հեղաշրջում եղավ ու չձախողվեց:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ